ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
27.01.2012 | 00:00

ԱՊԱՀՈՎԱԳՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ
Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ Հայաստանում կնքված պայմանագրերով ապահովագրական գումարների առյուծի բաժինը վերաապահովագրում են արտերկրի ընկերությունները: Ստացված շահույթը, որը ձևավորվում է հիմնականում Հայաստանում գրանցված կամ գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց եկամուտներից, ապահովագրական վճարների տեսքով արտահոսում է երկրից դուրս:
1991-ից ի վեր օրինաչափորեն փոխվել են ապահովագրական համակարգին ներկայացվող պահանջները, սկզբունքներն ու չափանիշները:
Ապահովագրական ազգային համակարգի ձևավորումն առաջին հերթին պահանջում է վստահության միջավայրի վերականգնում։ Հայաստանում դրա կարևոր նախապայմաններն են`
-ապահովագրական ընկերությունների և բանկերի սերտ համագործակցությունը, դրանց վարկանիշի անընդհատ բարձրացումը,
-փորձաքննության համակարգի արմատավորումը,
-ապահովագրական համակարգի համար մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը,
-պետության դերի մեծացումը որպես իրավական նորմերի պաշտպանի,
-առողջ մրցակցության ծավալումը:
Լայն տարածում ունի այն կարծիքը, թե ապահովագրական գործն ամենաեկամտաբերներից է: Ավելի լայն առումով այն տնտեսության կարևոր ենթաճյուղերից է: Սխալված չենք լինի նաև ապահովագրությունը որակելու (հատկապես ձևավորված շուկայական տնտեսակարգի օրոք) որպես ժողովրդի կենսակերպի էական մաս: Դժվար չէ ուրվագծել հարցի ուղիղ համեմատական կախվածությունը. որքան զարգացած է երկիրը, այնքան զարգացած է դրա ապահովագրական համակարգը: Մյուս կողմից, ապահովագրական համակարգով դատողություններ կարելի է անել նաև տնտեսության զարգացման մակարդակի մասին: Կայուն սոցիալական պայմանների ձգտելով, բնակչությունը, հատկապես միջին խավն ու վերնախավը, ավելի հաճախ է դիմում ապահովագրության տարբեր ձևերին:
Ընդհանուր առմամբ, կարելի է ապահովագրության տարբեր պայմանական դասակարգումներ կատարել. անձնական և գույքային (իրենց ավելի մանրամասնած ենթախմբերով), ինչպես նաև՝ կամավոր, պարտադիր և այլն: Հատկանշական է այն իրողությունը, որ, կախված երկրի զարգացման որոշակի մակարդակից, ապահովագրության այս կամ այն առարկան կարող է տեղ գտնել տարբեր դասակարգումներում: Մինչ կյանքի ապահովագրությունը գրեթե ամեն տեղ կամավոր է (բացառությամբ ինքնաթիռի, գնացքի, նավի, այլ փոխադրամիջոցների, զվարճալիքների տոմսերի գնի մեջ մտնող պարտադիր նվազագույնի), մեքենայի ապահովագրությունը խիստ տարբեր է աշխարհի մի շարք պետություններում: Այսպես, օրինակ, եթե Հայաստանում կամ ԱՊՀ անդամ այլ երկրներում ավտոմեքենան կամավոր ապահովագրության դասակարգման մեջ է, այն էլ՝ բացառիկ դեպքերում (դեսպանատներ, արտասահմանյան, համատեղ ձեռնարկություններ, բանկեր), Ամերիկայի մի շարք նահանգներում այն դասվում է հասարակության համընդհանուր անվտանգությանն առնչվող գործոնների շարքին և ենթակա է պարտադիր ապահովագրման: Չապահովագրված ավտոմեքենայի վարորդը համարվում է օրինազանց, իսկ նրա վարորդական իրավունքը համարվում է ուժը կորցրած` նման փաստի հայտնաբերման պահից:

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Ապահովագրական համակարգն այսօր երկրի տնտեսական և սոցիալական կայունությունը պայմանավորող գործոններից է: Միաժամանակ, այն տարբեր է ոչ միայն զարգացող և զարգացած երկրներում, այլև բազմաթիվ տարբերություններ ունի հենց զարգացած երկրների համախմբում՝ ելնելով դրանց աշխարհագրաքաղաքական առանձնահատկություններից: Օրինակ, գտնվելով նույն՝ Հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտում (NAFTA), Կանադայում ձևավորվել է ավելի կատարյալ ապահովագրական համակարգ, քան, ասենք, ԱՄՆ-ում: Այստեղից էլ հասկանալի է դառնում, որ կանադացիների մեծ մասը, աշխատանքի ավելի բարձր նյութական փոխհատուցման դեպքում անգամ, դժվարությամբ Է համաձայնում ապրել ԱՄՆ-ում, հատկապես դրա հարավում, չխոսելով արդեն NAFTA-ի անդամ երրորդ երկրի՝ Մեքսիկայի մասին: Լուրջ տարբերություններ կան նաև Հյուսիսային Ամերիկայի, Արևմտյան Եվրոպայի և Ճապոնիայի ապահովագրական համակարգերի միջև: Մեր համոզմամբ` դրանք ուղղակիորեն առնչվում են յուրաքանչյուր երկրի բանկային համակարգին և դրանց առանձնահատկություններին: Մինչ 90-ականների սկզբին համընդհանուր բնույթ կրող տնտեսական ճգնաժամը մեկը մյուսի հետևից սնանկացնում էր բազմամյա փորձ ունեցող ամերիկյան հայտնի բանկերը, եվրոպական խոշոր (առաջին հերթին՝ գերմանական) բանկերի սնանկացման և ոչ մի դեպք այդ տարիներին չգրանցվեց: Ինչ վերաբերում է Ճապոնիային, այստեղ բանկերն ավելի, քան նախկինում, օգտվեցին պետական հովանավորչական քաղաքականությունից. վերջինս, իր հերթին, մեծ դեր խաղաց Ճապոնիայի արտահանման կարողության, արտադրական հզորությունների պահպանման և զարգացման գործում: Նույն միտումը բնորոշ էր նաև համաշխարհային տնտեսության ուժի երեք կենտրոնների ապահովագրական ընկերություններին: Ի տարբերություն զարգացած երկրների, անցումային փուլում գտնվող Հայաստանի տնտեսությունում ապահովագրական համակարգի ձևավորումն ընթանում է ԱՊՀ այլ երկրներին բնորոշ գրեթե նույն օրինաչափություններով: Միաժամանակ, ապահովագրական համակարգի կայացումը կարևոր նախապայման է, մասնավորապես, առողջապահության զարգացման, սոցիալական ապահովության և կենսամակարդակի բարձրացման հարցում: Նույն գործոնով է մեծապես պայմանավորված գյուղատնտեսության զարգացումը և, դրանով հանդերձ, տնտեսության մի շարք ճյուղերի մրցունակության բարձրացումը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 6817

Մեկնաբանություններ